Վարդան Այգեկցի

Թագավորն ու ծերունին

Բաբելոնի թագավորը մեծ զորաբանակով քաղաք մտնելիս տեսավ մի ծերունու, որ արմավենի էր տնկում։
— Ով ծերունի,— ասում է թագավորը,— ինչո՞ւ ես տնկում: Չէ՞ որ դա քառասուն տարի հետո պիտի պտուղ տա, իսկ դու այսօր–վաղը գնալու ես։
— Թագավո՛ր,— պատասխանում է ծերուհին,— մի մարդ տնկել էր արմավենի, ես վայելեցի պտուղը, ես էլ տնկում եմ, որ մեկ ուրիշը վայելի:
— Տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորն իր ենթականերին,— որովհետև բարի ու լավախոհ մարդ է:
Վերցնելով դրամը, ծերունին գոհ եղավ ճակատագրից։
— Ինչո՞ւ գոհ եղար,— հարցնում է թագավորը։
— Որովհետև,— պատասխանում է ծերունին,— ամեն ծառ տնկող քառասուն տարին լրանալուց հետո է վայելում, իսկ ես այսօր վայելեցի։
— Դարձյալ տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորը:
Ծերունին նորից արտահայտեց իր գոհունակությունը:
— Ինչո՞ւ կրկին հայտնեցիր գոհունակություն,— հարցնում է արքան։
— Գոհ եղա ճակատագրից, որովհետև ամեն տունկ տարին մի անգամ է պտուղ տալիս, իսկ իմ ծառը այսօր երկու անգամ պտուղ տվեց։
Թագավորին հաճելի թվաց ծերունու պատասխանը։

Թագավորն ու նրա ուսիցիչը

Մի թագավոր, վեճ ունենալով սահմանակից երկրի թագավորի հետ, որոշեց մի համարձակ ու հմուտ դեսպան ուղարկել նրա մոտ, որպեսզի իր կողմից հանդիմանություն ու սպառնալիք կարդա նրան։ Ընտրությունը կանգ առավ մի իմաստուն մարդու վրա, որն իր ուսուցիչն էր եղել ու հավատարիմ մարդը։ Թագավորը հայտնեց նրան իր դիտավորությունը և այն բոլոր հոխորտանքները, որ պիտի հաղորդվեր։
Ուսուցիչը, որ շատ լավ գիտեր հակառակորդ թագավորի ցասկոտ բնավորությունը և անզուսպ վարքը հրաժարվեց։
— Խնդրում եմ, արքա, ազատիր ինձ այդ դեսպանությունից, հակառակ դեպքում նա գլուխս կտրել կտա։
— Բոլորովին մի՛ վախեցիր,— քաջալերելով նրան ասում է թագավորը,— եթե նա քո գլուխը կտրի, ես խոստանում եմ, այստեղ իմ տերության մեջ գտնել նրա բոլոր հպատակներին և գլխատել:
— Ճիշտն ասած, արքա, հավատում եմ քեզ, որ կարող ես անել այն, ինչ ասում ես,— պատասխանում է ուսուցիչը,— Բայց աղաչում եմ հավատալ, որ նրա հպատակների այդքան կտրած գլուխների մեջ չես կարող գտնել մի այնպիսի գլուխ, որ այնքան հարմար լինի իմ անձին, ինչպես իմ գլուխը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *