Գյումրի

Արուճի քարավանատունը
Արուճի քարավանատունը (իջևանատունը) թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր: Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։
Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։

Արուճի տաճարը
Արուճի տաճարը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին: Տաճարն ունի յուրօրինակ ճարտարապետություն: Դեռևս V դարում ձմռանն այստեղ հանգրվանում էր արքունական բանակը։ VII-րդ դարում Արուճը հայ իշխան Գրիգոր Մամիկոնյանի նստավայրն էր։ Իշխանն ու իր կինը միասին կառուցեցին տաճարն ու օծեցին այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Երբեմնի ավերված գմբեթի փոխարեն երևում է բաց երկինքը, որը ասես ձուլվում է տաճարի հնագույն որմնանկարների հետ: Տաճարից ոչ հեռու կարելի է տեսնել մատուռի, Կաթողիկե բազիլիկայի և պալատի ավերակները, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում: Արուճը հայկական ճարտարապետության մեջ մեծ կարևորություն ունեցող պատմական հուշարձան է:

Սառնաղբյուր գյուղը

Սառնաղբյուր գյուղը Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է: Գյուղը գտնվում է Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևելք` Չլկան գետակի ձորում` ծովի մակարդակից 1925 մետր բարձրության վրա: Սառնաղբյուր գյուղը առավելապես հայտնի է իր երկու եկեղեցիներով: Առաջինը կառուցվել է 1883 թվականին և կոչվում է Սբ. Թադեոս Առաքյալի անունով: Գյուղամիջի մյուս եկեղեցին` Սբ. Հակոբը, ամենահինն է, որը բազմիցս վերափոխվել է: Ուսումնասիրություններից հայտնի է, որ եկեղեցին պատկանում է բազիլիկ տիպի կառույցներին, որից, ցավոք, շատ քիչ բան է պահպանվել: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Սառնաղբյուր գյուղի Գրիգոր Լուսավորիչ ուխտատեղին: Ճարտարապետության պատմության նշանավոր տեսաբան` Թորոս Թորամանյանը, անդրադառնալով Սառնաղբյուրի կառույցներին գրում է. «…. այս գյուղի մեջ հատկապես նշանավոր է ջուր բխող մեծ քարայրը, որը ծառայել է որպես ուխտատեղի»: Քարայրի ներքին պատերի վրա պահպանվել են արձանագրություններ: Ժամանակի ընթացքում քարայրն ընդարձակվել է, իսկ ժայռերին քանդակվել են խաչեր: Հետազոտողների կարծիքով հեթանոսական ժամանակաշրջանում քարայրը եղել է ջրի պաշտամունքի վայր, այնուհետև` դարձել սրբատեղի և գոյատևել քրիստոնեական շրջանից մինչ օրս: Տեղացիները քարայրին տվել են «Զաղա» անվանումը:
Սառնաղբյուր գյուղի մատույցներում պահպանվել են մի քանի ամրոցների մնացորդներ:

Սուրբ Յոթ Վերք Եկեղեցի
Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Նկարում, պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Խաչված Քրիստոսի շուրթերից թռած յոթ բառերը մխրճվում են Մարիամի սիրտը՝ յոթ սուր վերքեր պատճառելով նրան: Մարիամին իր յոթ վերքերով պատկերելը բնորոշ է կաթոլիկներին: Նրանք պատկերում են Աստվածամորը թախծոտ և վշտացած դեմքով և յոթ սրեր մխրճված նրա սրտում:
Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝
• Հիսուսի տաճարին հանձնելը,
• Եգիպտոս փախնելը,
• տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
• խաչը տանելիս,
• Հիսուսի մահը խաչին,
• Հիսուսի մարմնի ստանալը,
• Հիսուսի գերեզման դնելը։