Երջանիկ խրճիթը

Հին օրերի հեքիաթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

 

Մանուկի կորուստը

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Երիդասարդի մտորումները

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչու՞ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան,-ի՞նչդ է պակաս, թե սեր ունես մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում էին:

Մոր հավատքը

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…Հե՜յ մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմա ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենից բաժին է տալիս…

Երջանիկ վերադարձ տուն

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շավիղ-նեղ ճանապարհ, արահետ

Զմրուխտյա-գույն

 

  1. Քո սիրած գույնով ներկիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:

 

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

  1. Գրիր մգեցրած բառերի հոմանիշները:

Մեղմիկ-մեղմ

Մտմտալ-մտածել

Շավիղ-ճանապարհ

Շնորհալի-տաղանդավոր

Ուրախ-զվարթ

Շքեղ-պերճ

Վերջալույս-մայրամուտ

Կրակ-հուր

Տաք-ջերմ

 

  1. Վերնագրիր առանձնացված հատվածները:
  2. Ընտրիր հատվածներից մեկը և գրավոր պատմիր:

 

Մի օր սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, կորցրեց ջրաղացի ճամապարհը ու գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վերցրեց և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որդեգրեց նրան:

 

  1. Ի՞նչ ես կարծում՝ տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:

 

Կարծում եմ մի մասով ճիշտ է, մի մասով սխալ։